Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։ Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը նշանակալի երևույթ է համաշխարհային բառարանագրության մեջ: 

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 

1703թ. մեկնել է Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները: